«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Տոկիոն» ` ստրադիվարիուսյան հնչողությամբ

«Տոկիոն» ` ստրադիվարիուսյան  հնչողությամբ
06.04.2012 | 00:00

Ապրիլի 3-ին ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում մեկնարկեց ՙԵրևանյան հեռանկարներ՚ հերթական` 13-րդ փառատոնը: Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, ով համերգից առաջ իր խոսքում փաստեց, որ փառատոնն ապահովել է համերգների կազմակերպման չափազանց բարձր նշաձող և այսուհետ ևս հետամուտ է լինելու այն իր բարձունքին պահելու նպատակին: Այս տարի հայ հանդիսատեսին բախտ վիճակվեց վայելելու մի բացառիկ ելույթ` ՙՏոկիո՚ լարային քառյակի կատարմամբ, քառյակ, որը համերգով արդեն հանդես էր եկել մեր քաղաքում յոթ տարի առաջ:Քառյակը հիմնադրվել է 42 տարի առաջ` Ջուլիարդ երաժշտանոցում: Այն իր ծագումով կապվում է Տոկիոյի Տոհո երաժշտական դպրոցի հետ: Շուրջ տասնհինգ տարի քառյակի առաջին ջութակն է եղել կանադացի երաժիշտ, ծագումով հայ Փիթեր ՈՒնջյանը: Հայ երաժիշտների ներդրմանը քառյակի գործունեության մեջ իր խոսքում անդրադարձավ նաև ՙՏոկիոյի՚ առաջին ջութակ Մարտին Բիվերը: Խումբը համագործակցել է բազմաթիվ ականավոր արվեստագետների և կոմպոզիտորների հետ: Յուրաքանչյուր համերգաշրջանի ընթացքում ՙՏոկիոն՚՚ ունենում է ավելի քանի հարյուր համերգ աշխարհի տարբեր երկրներում: Հուրախություն հայ երաժշտասերների` այս տարի մեր երկիրը նույնպես համալրեց այդ երկրների շարքը: Քառյակի այսօրվա առաջատար դիրքը մեծապես պայմանավորված է այն բացառիկ պայմանագրով, որ կնքվել է ՙԴոյչե գրամոֆոն՚ ընկերության հետ: Ավելի քան 40 ձայնասկավառակ թողարկած ՙՏոկիոն՚ այժմ ձայնագրություններ է կատարում ՙՀարմոնիա Մունդի՚ ընկերության հետ: 1976-ից սկսած` ՙՏոկիո՚ լարային քառյակի անդամները (Մարթին Բիվեր (ջութակ), Կիկուեյ Իկեդա (ջութակ), Կաձուհիդե Իսոմուրա (ալտ), Քլայվ Գրինսմիթ (թավջութակ)) դասավանդում են Եյլի կոնսերվատորիայում` ամառվա մեծ մասը տրամադրելով ուսուցմանը և հանդես գալով հեղինակավոր ՙՆորֆոլք՚ կամերային երաժշտության փառատոնում: Տարվա ընթացքում նաև վարպետության դասեր են անցկացվում Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Արևելքում: Երևանյան համերգին ՙՏոկիո՚ քառյակը հանդես եկավ Հայդնի, Բարտոկի, Դեբյուսիի Լարային կվարտետների կատարմամբ, որոնք հնչեցրեց ՙՊագանինի քառյակի՚ Ստրադիվարիուսի գործիքներով: Դրանցով անձամբ նվագել է վիրտուոզ Նիկոլո Պագանինին: Գործիքները (ջութակները` 1680 և 1727, ալտը` 1731 և թավջութակը` 1736 թվականներին ստեղծված) քառյակի համար վարձակալում է Ճապոնական երաժշտական հիմնադրամը` սկսած 1995 թվականից: Դրանք ձեռք են բերվել Վաշինգտոնի Քորքորան արվեստի պատկերասրահից: ՙԵրևանյան հեռանկարները՚ (նախկինում ՙXXI-ի հեռանկարներ՚) Եվրոպայի առաջատար փառատոներից է: Փառատոնը Հայաստան է հրավիրել աշխարհի ամենահեղինակավոր մենակատարներին և նվագախմբերին (Պլասիդո Դոմինգո, Վալերի Գերգիև, Մարիինյան թատրոնի նվագախումբ, Քշիշտոֆ Պենդերեցկի, Բորիս Բերեզովսկի, Յուրի Բաշմետ, Գիդոն Կրեմեր, Քրիստոֆ Էշինբախ, Միշա Մայսկի, Ջուլիան Ռախլին, Դավիդ Գերինգաս, Ռոդիոն Շչեդրին, Մայա Պլիսեցկայա, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Ալ Ջերո, Ջորջ Բենսոն, Գորան Բրեգովիչ, Յաննի, Ալեսանդրո Սաֆինա և այլք):ՙՏոկիոյի՚ երկու ՙվետերանները՚` Կիկուեյ Իկեդան և Կաձուհիդե Իսոմուրան, առաջիկայում կդադարեցնեն իրենց համերգային գործունեությունը քառյակի կազմում, սակայն համույթը կհամալրվի նոր տաղանդավոր անդամներով, և արդեն հայ հանդիսատեսի հետ փոխշփման փորձառություն ձեռք բերած երաժիշտները, հնարավոր է, հյուրընկալվեն Հայաստանում նոր կազմով: Համենայն դեպս, Երևանի քաղաքապետարանն արդեն իր կողմից կատարել է հրավերի առաջարկը, իսկ Հայաստանում երկրորդ անգամ համերգ տալու փաստը վկայում է, որ ՙՏոկիոյի՚ երաժիշտների համար ցանկալի է հանդիպումը հայ հանդիսատեսի հետ: Թեև պիտի խոստովանեմ, որ հայաստանյան հանդիսատեսը փոքր-ինչ թերանում էր քառյակի երաժիշտների` իր մասին ունեցած բարձր կարծիքն արդարացնելու հարցում (ծափահարում էին ոչ ճիշտ պահին, ՙնվագակցում՚ բջջայիններով, հընթացս զրուցում կողքին նստածի հետ), սակայն դա չխանգարեց, որ համերգային ծրագիրն սպառելուց հետո Մարթին Բիվերը հանդես գար ջերմ խոսքով, արտաբերեր իր իմացած հայերեն նախադասությունը` ինչպե՞ս ես, և մի արտածրագրային Հայդն նվիրեր ունկնդիրներին:Հայաստանի և հայաստանցիների հանդեպ ունեցած բացառիկ բարեհաճության դրսևորում էր նաև Բիվերի` ՙԻրատես de facto՚-ին տված հարցազրույցը` համերգն սկսելուց տառացիորեն մի քանի րոպե առաջ, մի հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր նաև ՙԵրևանյան հեռանկարների՚ մենեջերի օգնական ԼԵՎՈՆ ԲԱԲԱՄՅԱՆԻ ջանքերով, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը:

Ստորև ներկայացնում ենք ՄԱՐԹԻՆ ԲԻՎԵՐԻ հետ մեր ճեպազրույցը:

-Մաեստրո, ցանկացած համերգից առաջ արտիստի համար լինում են նպաստող և խոչընդոտող հանգամանքներ: Որո՞նք են այդ հանգամանքները երևանյան համերգի պարագայում:

-Ինչ ժամանել եմ Երևան, չեմ ունեցել ոչ մի խնդիր, խանգարող ոչ մի հանգամանք: Ավելին, սկսած առաջին պահից` հենց օդանավակայան ոտք դնելուց, մեզ ընդունել են մեծ ջերմությամբ: Միակ խանգարող հանգամանքը եղել է Իսպանիայում` կապված մեր մեկնումի հետ: Այդ պատճառով մեր թավջութակահարը մյուսներիցս մեկ օր ուշ է ժամանել Հայաստան: Մնացած ամեն ինչը հրաշալի է:

-Մարդիկ, չկարողանալով ըմբռնել Պագանինիի հանճարեղության անորսալի սահմանները, նրա անձին և ֆենոմենալ կատարողական վարպետությանը վերագրել են միստիկ բովանդակություն: Երբ Ձեր ձեռքն եք վերցնում Պագանինիի երաժշտական գործիքները, չե՞ք զգում միստիկ դաշտի առկայություն Ձեր շուրջը:

-Իհարկե, ամեն անգամ, երբ ձեռքդ նմանատիպ գործիք ես վերցնում, երբ հպվում ես մի գործիքի, որով նվագել է մեծն Պագանինին, ինչ-որ արտասովոր ապրումներ ես ունենում: Ինձ համար մեծ պատիվ է այդ գործիքով նվագելը: Ես մեծ հուզմունք եմ ապրում ամեն անգամ, երբ ձեռքս եմ առնում այդ գործիքը, և կարելի է ասել, որ ինչ-որ ձևով շարունակում եմ Պագանինիի մասին գոյություն ունեցող պատմությունը:

-ՙՏոկիոյի՚ երկու անդամ դադարեցնելու են իրենց գործունեությունը քառյակի կազմում: Արդեն գտնվա՞ծ են նրանց փոխարինողները:

-Հենց հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք. մեր խմբի համար նոր անդամներ ենք փնտրում: Փնտրտուքը շարունակվում է: Նվագում ենք տարբեր երաժիշտների հետ` փորձելով գտնել լավագույններին:

-Քանի որ զբաղվում եք մանկավարժական գործունեությամբ, ենթադրում եմ, որ Ձեր սաների մեջ նկատում և զատորոշում եք առավել շնորհալիներին: Արդյո՞ք նրանցից եք ընտրելու ՙՏոկիոյի՚ նոր անդամներին:

-Այո՜, հիմնականում մեր ուսանողների մեջ ենք փնտրում նրանց, և հուսով եմ, որ հենց մեր լավագույն ուսանողներն էլ կհամալրեն քառյակի կազմը:

Դե ինչ, մեզ մնում է հավատալ, որ սա վերջին հանդիպումը չէր լեգենդար ՙՏոկիո՚ քառյակի հետ, և ապրել` նոր հանդիպումը կանխավայելելու սպասումով:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ